Քաղաքապետի ուղերձ
  Ընդհանուր տեղեկություններ
  Կրթություն
  Մշակույթ
  Տուրիզմ և բիզնես
  Առողջապահություն
  Արտաքին կապեր
  Անվանի մարդիկ
  Լուսանկարներ
 
 
Նորություններ
2016-12-29
Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի դիլիջանցիներ.

Համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ Հայրենիքի հզորացմանն ու հարազատ քաղաքի շենացմանն ուղղված ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Անցնող 2016 թվականը նոր ուղենիշ հանդիսացավ մեր քաղաքի զարգացման պատմության մեջ: Դիլիջանն արդեն հանդես է գալիս որպես խոշորացված համայնք, իր մեջ ներառելով ևս 6 համայնքների և այսուհետև մշտապես մեր ուշադրության կենտոնում պետք է լինեն ներգրավված համայնքների սոցիալ- տնտեսական, հոգևոր- մշակութային խնդիրները: Հետադարձ հայացք գցելով անցնող տարվան, կարող ենք ասել, որ չնայած դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր, բնակչության սոցիալ- տնտեսական առկա վիճակին առնչվող մտահոգություններ, մեզ հաջողվել է որոշակի առաջընթաց քայլեր արձանագրել, որոնք միտված են դրանց հաղթահարմանը և մեր կյանքի պայմանների բարելավմանը:
Սիրելի դիլիջանցիներ, նոր՝ 2017 թվականին մենք պետք է կյանքի կոչենք մի շարք խոշոր ծրագրեր, որոնք ոչ միայն կարևոր են քաղաքի զարգացման առումով, այլև տարածաշրջանային կրթամշակութայի և զբոսաշրջային ուղղություններով խոշոր առաջընթացի ակնկալիքի առումով: Շարունակվում է ՀՀ Կենտրոնական բանկի լայն աջակցությունը տարբեր ոլորտներում քաղաքի զարգացման հնարավորությունների մեծացման ուղղությամբ: Քաղաքի առաջընթացի գործում գնալով ավելի է խորանում խոշոր ներդնողների՝ հատկապես IDeA հիմնադրամի հետ: Քաղաքում ձևավորվող այդ գործընթացները կարող են խոշոր լիցք հաղորդել ոչ միայն քաղաքային կյանքի զարգացմանը, այլև նկատելիորեն նվազեցնել գործազրկությունն ու իրենց նպաստը բերել մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:
Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ աշխատանքով պատվով կատարել մեր առաքելությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորդ՝ մաղթում նորոնոր հաջողություններ:

2016-12-20
Աշխատանքային այց Ֆլորենցիա
Դիլիջան համայնքի տրանսպորտի համալրման, քաղաքային լուսավորության բարելավման և աղբահանության կառավարման ուղղությամբ Եվրամիության կողմից իրականացվող ծրագրի կապակցությամբ համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 11-17-ը գտնվում էր Ֆլորենցիայում:

Համայնքապետարանի պատվիրակությանն ընդունեց Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին: Ընդունելությունը կայացավ ջերմ մթնոլորտում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի արծարծմամբ և խորհրդանշական նվերների փոխանակմամբ:

Ֆլորենցիայի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ծրագրի կոորդինատոր Մասսիմո Գաչին և տեխնիկական կոորդինատոր Անդրեա Կորսինին ներկայացրեցին հիշատակված ոլորտների վերաբերյալ կազմված նախագծերը, քննարկվեցին դրանց առանձին դետալները, իրականացման ժամկետները: Հյուրերը ծանոթացան նաև տրանսպորտային և կոմունալ ոլորտում կազմակերպության փորձին, որն իրականացվել է հենց Ֆլորենցիայում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մասնագիրական խմբի հետ ծրագրի հաջորդ քննարկումը կկայանա Դիլիջանում՝ 2017թ. փետրվարին:

2016-12-15
IDeA հիմնադրամը եւ ԵՄ-ն կգործակցեն Դիլիջանի զարգացման նպատակով
«Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ու Եվրոպական միության Պատվիրակությունը ստորագրել են «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:

Դեկտեմբերի 13-ին պայմանագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

IDeA հիմնադրամի համար սա համագործակցության նոր ձևաչափ է պետության, Եվրամիության պատվիրակության ու գործընկերների միջև: Նախատեսվում է, որ համագործակցության այս մոդելն ապագայում կդրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա։

IDeA հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի թիրախային նպատակն է աջակցել Դիլիջանում եւ հարակից համայնքներում զբոսաշրջության զարգացմանը` խթանելով նոր աշխատատեղերի ու բիզնես հնարավորությունների ստեղծումը: Ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջան քաղաքի եւ, ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը` նվազեցնելով արտագաղթի միտումները:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն է, 195 հազարը` ազգային համաֆինանսավորումը, 140 հազարը` IDeA հիմնադրամի համաֆինանսավորումը:

Հիմնադրամը համագործակցում է Դիլիջանի քաղաքապետարանի, Դիլիջանի ազգային պարկի և DIS Properties հիմնադրամի հետ, որի արդյունքում այս երեք կառույցները ծրագրի իրագործման նպատակով միասին կհատկացնեն 80 հազար եվրո։

Ծրագրի տեւողությունը երկու տարի է: Այն կմեկնարկի 2017 թ.-ի փետրվարից:

«Դիլիջանը եւ հարակից համայնքները Հայաստանում ամենաբարեկեցիկ տարածաշրջաններից մեկը դառնալու ներուժ ունեն: Մեր հիմնադրամի նախագծերի նպատակներից է Դիլիջանը բարգավաճող մշակութային, կրթական ու զբոսաշրջային կենտրոն դարձնելը: Համոզված ենք, որ այս ծրագրի իրագործումը զգալի ազդեցություն կունենա Դիլիջան քաղաքի և հարակից համայնքների զարգացման վրա»,- ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը:

Ծրագրի շրջանակում «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» հիմնադրամի ջանքերով կիրականացվի զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի եւ արհեստի ոլորտներում շուկայի ամբողջական ուսումնասիրություն, կստեղծվի զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոն, կմշակվեն զբոսաշրջային նոր երթուղիներ, Դիլիջանում կբացվի արվեստների եւ արհեստների կենտրոն, կկազմակերպվեն դասընթացներ, սեմինարներ, վարպետության դասեր զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում կարողությունների ամրապնդման համար, կտրամադրվեն դրամաշնորհներ նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:

«Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնությունը» մեկն է այն 7 դրամաշնորհային ծրագրերից, որոնք իրականացվում են Եվրոպական միության եւ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի» շրջանակում: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/144607

Պահոց
Նորություններ  
Քարտեզ  
Հղումներ  
Մեր մասին  
Հիմնադրամներ  
 
 
Մշակված է՝ CIT